Դեռևս 2012թ. Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետեր Տարոն Մարգարյանի և Սուրեն Գրիգորյանի կողմից երկու քաղաքապետարանների բարեկամության համաձայնագրի ստորագրումն այսօր արդեն տալիս է իր տեսանելի պտուղները: Մայիսի 27-29-ը Հանրապետության օրը միասին նշելու նպատակով Արցախ մեկնեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը` Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ:
Հյուրընկալ, մաքուր ու խնամված Ստեփանակերտ քաղաքում Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությանն առաջինը ընդունեց քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը շնորհավորեց Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ և նշեց, որ Արցախի մայրաքաղաքի դռները միշտ բաց են հյուրերի առաջ, իսկ Կենտրոն վարչական շրջանի պատվիրակության այցը, հայրենասիրության ու անկախության արժեքի գնահատման խորհուրդն իր մեջ կրող այս օրը միասին անցկացնելու առաջարկը` պարտավորեցնող: «Մենք կարևորում ենք այսպիսի այցելությունները, որոնք հենք են հանդիսանում երկու մայրաքաղաքների միջև համագործակցության և բարեկամական կապերի ամրապնդման համար»:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն էլ, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և ջերմ խոսքերի համար, վստահեցրեց, որ փոխայցելությունները շարունակական բնույթ կկրեն, և հնարավոր բոլոր քայլերը կձեռնարկվեն և՜ մշակութային, և՜ քաղաքային տնտեսության կառավարման գործում համագործակցությունն առավել արդյունավետ հիմքերի վրա դնելու ուղղությամբ:
Պաշտոնական հանդիպումից հետո Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետի և քաղաքապետարանի անձնակազմի պատասխանատուների ուղեկցությամբ այցելեց Արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելու, խնկարկելու նրանց հիշատակը:
Մայիսի 28-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում և Գանձասարում համերգային ծրագրով հանդես եկան պատվիրակության հետ ԼՂՀ մեկնած Կենտրոն վարչական շրջանի Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաները:
Հրաժեշտից առաջ Արա Սադոյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ այցի նպատակն է մասնաբաժին ունենալ հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև ձևավորված լավագույն ավանդույթների զարգացման, փորձի փոխանակման և, իհարկե, գործնական օգնություն ցուցաբերելու գործում: